Երբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ գների աճի ու դրամի անկման դրամատիկական օրերին, այցելեց մայրաքաղաքի որոշ սուպերմարկետներ ու կառավարության իր նստավայրում ընդունեց խանութատեր օլիգարխներին, միայն որոշ միամիտներ կարծեցին, թե շատ ժողովրդական ղեկավար ունենք: Իրականում այն, ինչով այդ օրերին զբաղված էր պարոն Աբրահամյանը՝ որևէ աղերս չունի կառավարության ու դրա ղեկավարի անմիջական պարտականությունների հետ: Պատակահական չէ, որ եթե մայրաքաղաքի որոշ սուպերմարկետներում գներն իջան, դա տեղի չունեցավ մարզերի խանութներում, որովհետև դրանք օբյեկտիվորեն չէին կարող արժանանալ վարչապետի «օրհնանքին» ու չունեին այնպիսի տերեր, որոնց կբարեհաճեին ընդունել կառավարությունում:
Երբ վարչապետը խառնվում է գնային քաղաքականությանը, դա հակասում է շուկայական տնտեսության սկզբունքին: Կառավարությունը պետք է ոչ թե գին որոշող լինի, այլ այնպիսի միջավայր ստեղծի, որ բացառվեն մենաշնորհներն ու խրախուսվի ազատ մրցակցությունը: Դա իր հերթին կբերի համեմատաբար կայուն ու արդար գների, ու մենք կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունը լավ է աշխատում ու մտահոգվում է նորմալ բիզնես միջավայրի ստեղծմամբ, որում իրենց լավ են զգում թե´ ներկրողն ու խանութատերը, թե´ սպառողը:
Երբ վարչապետն իր մոտ է կանչում օլիգարխի ու ասում՝ կարագն ու ձուն էս գնով կծախես, ապա ինչ-որ բան էլ ինքը պետք է զիջի: Արդյունքում, հացն ու ու ձուն մի երկու օր համեմատաբար էժան կգնենք, բայց հետո մեր «քթերից կգա», որովհետև գործարարը, օլիգարխը կառավարությունից պահանջելու են իրենց արած «լավության տակից դուրս գալ»:
«Ախպերության» սկզբունքով կառուցված համակարգերը միայն ժամանակավորապես կարող են օգտակար լինել հասարակությանը, մեծ հաշվով՝ ծառայում են դրա տերերին: Սա է, որ առաջացնում է իմ ու մյուսների ընդվզումը, ոչ թե կոնկրետ պաշտոնյայի անձը, նրա գավառամտությունն ու սպառողական հոգեբանությունը, որովհետև այս բացասական հատկանիշները խրախուսվում են հենց համակարգի տրամանաբանությամբ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ